ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան

11:31, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն  են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Մաքսային բուն գործառույթներին դեռ հարցը չի հասել, դա կլինի այն դեպքում, երբ համապատասխան որևէ մեքենա հատի ՀՀ սահմանը և մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա: Այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում՝ մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովելու համար»,- ասաց Բադասյանը:

Հարցին՝ թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այս ընթացքում մաքսային գործառույթ իրականացրել են, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, որ նրանք տեղակայված են ավտոճանապարհին, արդեն նշանակում է, որ իրականացնում են մաքսային գործառույթ:

Նոյեմբերի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում սահմանային և մաքսային հսկողության գործառույթ իրականացնելու, այսինքն՝ մաքսակետեր տեղադրելու մասին: Նա հայտնել էր, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ 


© 2009 ARMENPRESS.am