Չինաստանը ողջունում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերը

15:46, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի բարձր մակարդակով կայացած եռակողմ հանդիպումը:

 «Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ.) կգնան միմյանց ընդառաջ, տարաձայնությունները կհարթեն երկխոսության, խորհրդակցությունների միջոցով և միասին կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշել է նա:

Սոչիում նոյեմբերի 26-ին կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ռուսաստանի նախագահը նաև անցկացրել է առանձին հանդիպումներ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ:


© 2009 ARMENPRESS.am