«Կին» միջազգային 18-րդ փառատոնը կանցկացվի օնլայն և օֆլայն հարթակներում
18:33, 29 Նոյեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կին» միջազգային կինոփառատոնը, որը նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, 2021-ին կանցկացվի ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն հարթակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնից հայտնում են, որ 18-րդ կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 29-30-ը:
Ցուցադրությունները կլինեն ՀԲԸՄ սրահում:
Ֆիլմերը հասանելի կդառնան օնլայն հարթակում՝ ՀԲԸՄ սրահում ցուցադրությունից հետո։ Յուրաքանչյուր ֆիլմ նախատեսված է 300 օնլայն դիտումի համար:
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու 51 ֆիլմ 19 երկրից։ Կցուցադրվեն ավանդական մրցութային ծրագիրը և հյուրերի ծրագիրը։
Հյուրերի ծրագրում կցուցադրվեն արդեն ճանաչված ֆիլմեր, որոնց առաջնախաղերը տեղի են ունեցել Բեռլինի կինոփառատոնում և Կաննի կինոփառատոնում։ Սելին Շիամայի «Փոքրիկ մայրիկը» և Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերը կունենան միայն կենդանի ցուցադրություններ։
18-րդ «Կին» միջազգային կինոփառատոնն իր հարգանքի տուրքն է մատուցում հանրահայտ խորհրդային կինոռեժիսոր Եկատերինա Վերմիշևային:
Փառատոնի ժյուրիի անդամներն են Լյուսիան Քերրին (պրոդյուսեր, ԱՄՆ), Ելենա Կուցենկոն (կինոգետ, Ռուսաստան), Թամարա Հակոբյանը (կինոգետ, Հայաստան), Կարինե Ավանյանը (լրագրող, Հայաստան), Հովհաննես Հակոբյանը (կինոռեժիսոր, օպերատոր, Հայաստան):
Փառատոնի ավարտին կշնորհվեն մրցանակներ
«Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում, դիպլոմներ,
մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, հանդիսատեսի մրցանակ, որը կտրվի հանդիսատեսի ձայների հաշվառման հիման վրա:
© 2009 ARMENPRESS.am