Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ

12:07, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում:

«Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակ սգալով անթիվ անդամների կորուստը` իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրած մարդկանց, ովքեր սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում և ապօրինաբար ձերբակալվում: Որպես Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ ես հանգիստ չեմ լինի մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շիֆը:

Նա նշեց, որ  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ շարունակելու են համագործակցել` աջակցելու ու ուժեղացնելու ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում և խորացնելու ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերը:

«Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»-, եզրափակեց Շիֆը:

 


© 2009 ARMENPRESS.am