Կանադան փակել է մուտքը երկիր վերջին երկու շաբաթում հարավային Աֆրիկա այցելած օտարերկրացիների համար

11:06, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանություններն արգելել են երկիր մուտքն օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Աֆրիկայի հարավի երկրներում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարատեսակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան՝ չհստակեցնելով, թե հարավաֆրիկյան որ պետության մասին է խոսքը:

Նա հայտնել է նաև, որ բոլոր Կանադայի քաղաքացիները, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են հարավային Աֆրիկայում, պարտադիր կորոնավիրուսի թեստ են հանձնելու:

Նոյեմբերի 22-ին հայտնի է դարձել Աֆրիկայի հարավում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին: Մասնավորապես նոր տեսակի կորոնավիրուսը ակտիվորեն տարածվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչի պատճառով մի շարք երկրներ դադարեցրել են ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ:


© 2009 ARMENPRESS.am