Ֆրանսահայ արտիստ Ռոդոլֆ Բարսիկյանը Մայր թատրոնում ներկայանում է «Թվային կյանք» խորագրով ցուցահանդեսով

20:35, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ֆրանսահայ արտիստ Ռոդոլֆ Բարսիկյանի «Թվային կյանք» խորագրով նոր ժանրային ցուցահանդեսի բացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  թվային աշխատանքների ցուցադրությունը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը։

[gallery id= 65361]

Արտիստը ծնվել է Ֆրանսիայում և այնտեղ է ապրում արդեն 44 տարի։ Ծնողները հայ են։ Իր խոսքով՝ Հայաստան է այցելել անցյալ տարի՝ զգալու իր հայրենի հողի բույրը և ոգեշնչվելու դրանից։ «Ես շատ կցանկանայի Հայաստանում ապրել։ Պետք է խոստովանեմ, որ ես առաջին հայացքից սիրահարվել եմ այս երկրին։ Միակ խնդիրը հաղորդակցվելս է․ ամեն ինչ կտայի՝ միայն թե այս ամենը հիմա մայրենի լեզվովս ասեի»,- ընդգծեց Բարսիկյանը։ 

Գրաֆիկ-դիզայները պնդում է՝ հայ երիտասարդները շատ հետաքրքրված են ոլորտով։ Զարմանում է նրանց զարգացած և տեղեկացված լինելուց։ Կարծում է, որ թվային հարթակում այսպիսի ցուցադրությունը հնարավորություն կտա մեծ նախագծերի շրջանակներում համագործակցել և զարգացնել այս ոլորտը Հայաստանում։ «Թվային արվեստը շատ առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն  կարողանում ես հույզերը հարուստ գույներով և ձևերով արտահայտել, այլև կարողանում ես անիմացիայի միջոցով ցույց տալ, թե ինչպես է արվեստը ստեղծվում, կառուցվում, ամբողջանում»,- ավելացրեց նա։ 

Ռոդոլֆ Բարսիկյանը վստահեցրեց՝ այս ցուցադրությունով չի սահմանափակվելու։ Նշեց, որ այս մեկը փորձնական ցուցադրություն է համարում։ «Ունեմ շատ ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կուզեմ ցուցադրել։ Բայց սրանք հենց այստեղ ցուցադրելու համար եմ ստեղծել»,- հավելեց արտիստը։ 

Իր խոսքով՝ Հայաստանի հետ կապը չկորցնելու համար որոշ նմուշներ հենց հայկական քարից և հայկական մոտիվներով է ստեղծել։

 


© 2009 ARMENPRESS.am