Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է Աբխազիայի նորանշանակ ԱԳ նախարարին

16:52, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նոյեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ինալ Արձինբային։

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են ԱՀ ԱԳՆ-ից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Արձինբա, Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից  ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ։ Այդ բարձր և պատասխանատու պետական պաշտոնում մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։

Արցախում հատուկ նշանակություն են տալիս Աբխազիայի հետ հարաբերություններին։ Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բազմամյա փորձը և բարձր մակարդակը՝ համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հանուն մեր երկրների ժողովուրդների կենսական շահերի։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ամուր առողջություն և ամենայն բարիք, իսկ եղբայրական Աբխազիային՝ խաղաղություն և բարգավաճում»։

 


© 2009 ARMENPRESS.am