Պեկինի Օլիմպիական խաղերում մենք առնվազն 3-4 մասնակից կունենանք. Գագիկ Սարգսյան  

12:07, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա առնվազն 3-4 մասնակից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

«Միջազգային ֆեդերացիան փոխել է Օլիմպիական խաղերին վարկանիշային քվոտաների տրամադրման ձևը: Այժմ 63 պետությունների շարքում մեր երկիրը 31-րդն է: Մեր այս տեղով մենք ունենք առնվազն 2-3 ուղեգիր, սակայն այս տեղերը փոփոխական են: Մենք քայլ-քայլ առաջադիմում ենք, եթե մեզ հաջողվի Օլիմպիական խաղերում գոնե 30-ի մեջ մտնել, ապա իսկապես մեծ ձեռքբերում կլինի: Բայց այս  տարին` համավարակով պայմանավորված, շատ խիտ գրաֆիկ ունի, քանի որ նախորդ տարվա մրցաշարերն անցկացվում են հիմա»,-ասաց նա:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` Հայաստանը գոնե մեկ մասնակից կունենա լեռնադահուկային ձևում, որին ըստ ամենայնի կլինի Հարություն Հարությունյանը: 

«Պեկինի Օլիմպիական խաղերում մենք առնվազն 3-4 մասնակից կունենանք երկու ձևում` դահուկավազքում և լեռնադահուկի»,- ասաց Սարգսյանը:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ:


© 2009 ARMENPRESS.am