ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարներն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը

21:23, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

«Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հերթական ագրեսիան ընթացիկ տարվա մայիսի 12-ից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման շարունակությունն է: Նա շեշտել է տարածաշրջանային կայունությունը վտանգող ադրբեջանական սադրիչ գործողություններին հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների քննարկման ընթացքում կարևորվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձումը, ինչպես նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովումը:

 


© 2009 ARMENPRESS.am