Նախնական տեղեկություններով ՌԴ-ն Աֆղանստանից տարհանում է ՀՀ երկու քաղաքացու. ԱԳՆ խոսնակ

16:03, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած այն տեղեկությունը, որ ռուսական օդանավերով Աֆղանստանից տարհանվող մարդկանց թվում նաև Հայաստանի քաղաքացիներ կան: ՀՀ ԱԳՆ խոսնակը «Արմենպրես»-ին հայտնեց, որ նախնական տեղեկություններով՝ գործողության շրջանակներում տարհանվում է Հայաստանի երկու քաղաքացի:

«Սա նախնական տեղեկատվություն է», - ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ նոյեմբերի 18-ին Չկալովսկի օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի երեք օդանավ է մեկնել Աֆղանստան՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով: Ռուսական օդուժի Իլ-76 ինքնաթիռները իրենց հետ նաև մարդասիրական օգնություն են տարել:


Արամ Սարգսյան

 


© 2009 ARMENPRESS.am