Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

15:42, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտերի ընդունման գործընթացն արդեն մեկնարկել է։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի մայիսի 10-ն  է։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան թավջութակահարներ։ 

Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Ամեն տարի Ա. Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Երաժշտական ստուգատեսն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ և երրորդ փուլերում մասնակիցների կողմից պարտադիր կատարման ծրագրերում ներառված են Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները։  Ինքը՝ Խաչատրյանը, նույնպես կրթությամբ թավջութակահար էր և այս գործիքի համար գրել է մի քանի ստեղծագործություն։

Խաչատրյանական մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Ա. Խաչատրյանի անվան միջազգայինը համաշխարհային երաժշտական աշխարհում ճանաչում ունեցող մրցույթներից է։ Կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։
 


© 2009 ARMENPRESS.am