«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկը»՝ առաջատար. մանկական, հոկտեմբեր, 2021

10:09, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երկրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի՜ սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Փոքրիկ ընթերցողներն այս գրքից կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Երրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Չորրորդ հորիզոնականում է «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Լինում է, չի լինում» ժողովածուն: Այս ժողովածուում ընդգրկված Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:

Յոթերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

«Նապաստակի երգը» ութերորդ տեղում է։ Գիրքը Սուրեն Մուրադյանի երգերի վերածված բանաստեղծությունների հետ մեկտեղ ներառում է ձայնային մոդուլ, որի միջոցով հնչում է «Նապաստակի երգը» ստեղծագործությունից մի հատված` Նադեժդա Սարգսյանի անզուգական կատարմամբ:

«Շունն ու կատուն» գիրքը իններորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

«Բոքոնիկը» գրքի մեկ այլ հրատարակություն տասներորդ տեղում է։ Այս տարբերակը բոլորովին նոր դիզայնով է։ Ռուսական ժողովրդական հեքիաթը ներկայանում է եռաչափ պատկերներով ռուս նկարչի բարձրաճաշակ ձևավորմամբ։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Բոքոնիկը» Բուկինիստ 79
2 0 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 78
3 0 «Շաղգամը» Բուկինիստ 62
4 * «Գայլը և յոթ ուլիկները» GSM 47
5 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Բուկինիստ 44
6 * «Լինում է, չի լինում» Զանգակ 43
7 -2 «Երեք խոզուկները» Բուկինիստ 43
8 նոր «Նապաստակի երգը» GSM 41
9 * «Շունն ու կատուն» Բուկինիստ 40
10 նոր «Բոքոնիկը» GSM 40

© 2009 ARMENPRESS.am