Երևանում պարեկները մեկ ամսվա ընթացքում 315 հետիոտնի են տուգանել

21:35, 15 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցները հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 12-ը կազմել են հետիոտնի կողմից երթևեկելի մասերի հատման կանոնների խախտման 315 արձանագրություն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցները շարունակում են շուրջօրյա ծառայությունը մայրաքաղաքում. հիմնական նպատակներն են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն ու հասարակական կարգի պահպանությունը։

Հանրությանը պարբերաբար տեղեկացվում է վարորդների կողմից թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ վիճակագրություն։ Բայց երթևեկության մասնակիցներ են ոչ միայն վարորդները, այլև հետիոտները։ Երթևեկության ընթացքում հետիոտները նույնպես պետք է պահպանեն կանոնները։ Փողոցը պետք է անցնել հետիոտնային անցումներով, գետնանցումներով ու վերգետնյա անցումներով։ Այս ուղղությամբ նույնպես պարեկներն իրականացնում են համապատասխան ծառայություն։ Փողոցը չթույլատրված վայրով անցնողները զգուշացվում են, որոշ դեպքերում՝ տուգանվում»,- ասվու  է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միայն մեկ ամսում, հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 12-ը, Երևանում կազմվել է հետիոտնի կողմից երթևեկելի մասերի հատման կանոնների խախտման 315 արձանագրություն։

Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին՝ վարորդներին, ուղևորներին ու հետիոտներին հորդորում է, անվտանգությունից ելնելով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։


© 2009 ARMENPRESS.am