Թագուհի Թովմասյանն ընդդիմության առաջնորդներին առաջարկում է քննարկել պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը

15:42, 15 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ընդդիմության առաջնորդներին առաջարկում է հնարավորինս շտապ քննարկել պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նման առաջարկով է հանդես եկել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

Նա գրել է, որ երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր:

 «Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը»,- գրել է Թովմասյանը։

Նա հավելել է, որ պատգամավորական մանդատներից հրաժարվելը  պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի:

Պատգամավորի խոսքով՝ կոնսենսուսային լուծում է պետք:


© 2009 ARMENPRESS.am