Հայ դատի հանձնախումբն ամեն ինչ անելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար

09:40, 11 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների առաջիկա օրակարգում ոչ միայն լինելու է Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առաջ մղումը, այլ այդ հարցը Լորդերի պալատի օրակարգային դարձնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչման օրնագիծը Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց որևէ սակարկության ու ընդդիմության: Երկրորդ ընթեցրմամբ քննարկումը սպասվում է 2022 թվականի մարտին: Մենք ամեն ինչ անելու ենք մեր աջակիցների թիվն ավելացնելու և այս հարցը նաև Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար: Մենք հիմա նախնական փուլում ենք, կարևորն՝  ի վերջո պետական քաղաքականության վրա ազդելն է»,-ասաց հանձնախմբի նախագահը:

Ըստ Անետ Մոսկոֆյանի՝ Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը շատ կարևոր քայլ է: Առաջին անգամ է, որ Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության հարցն այս մակարդակի է բարձրացվել: Հայ դատի հանձնախմբի նախագահն ընդգծեց հայ համայնքի համախմբված աշխատանքը: Հետևողական աշխատանքի արդյունքում ժամանակի ընթացքում ընդլայնվել է համակիրների շրջանակը, հայ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար նամակներով դիմել են իրենց պատգամավորներին՝ հանդես գալով համապատասխան կոչերով:

«Մենք այս աշխատանքներում Ցեղասպանությունը միայն պատմական իմաստով չենք դիտարկում: Ընդգծվում է, որ ցեղասպանության չճանաչումն առիթ է տալիս, որ նորից վտանգի մեջ լինի հայ ժողովուրդը, ինչպես որ տեսանք արցախյան վերջին պատերազմի ժամանակ»,-ասաց Անետ Մոսկոֆյանը:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նոյեմբերի 10-ին առաջին ըներցմամբ ընդունվել  է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։


© 2009 ARMENPRESS.am