Ռուսաստանում գրանցվել է քովիդով հիվանդացածների առավելագույն թիվը մեկ շաբաթվա ընթացքում

16:09, 7 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը և դրա պատճառով մահացության դեպքերը հերթական առավելագույն ցուցանիշներ են գրանցել այս շաբաթ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ռուսաստանում յոթ օրվա ընթացքում վարակի 281 305 դեպք է հայտնաբերվել՝ 3,4 տոկոսով ավելի, քան նախորդ նույն ժամանակահատվածում:

Շաբաթ օրը սահմանվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվի նոր առավելագույնը՝ 41 335, իսկ հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը յոթ օրվա ընթացքում ամենամեծն է եղել հինգերորդ անգամ անընդմեջ:

Հիվանդացությունը, հաշվի առնելով բնակչության թիվը, օրական 26,6-ից աճել է մինչեւ 27,5 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով:

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի պատճառով մահացությունը թարմացրել է առավելագույն ցուցանիշը յոթերորդ անգամ անընդմեջ. նոյեմբերի 1-ից 7-ը գրանցվել է 8 276 մահվան դեպք ՝ 4,2 տոկոսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ: Հինգշաբթի երկրում գրանցվել է մեկ օրում մահվան ամենաբարձր թիվը՝ 1 195։

 

 


© 2009 ARMENPRESS.am