Հրազդանի ոստիկանները պատվաստված լինելու հավաստագրի 10 հազ. դրամով ձեռքբերման դեպք են բացահայտել

18:18, 5 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժինը հոկտեմբերի 29-ին տեղեկություններ է ստացել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 24-ամյա մի աղջիկ առանց պատվաստվելու ձեռք է բերել պատվաստված լինելու հավաստագիր։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ հետագա միջոցառումներով պարզվել է, որ աղջիկը հավաստագիրը ձեռք է բերել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բժշկական կենտրոններից մեկին կից պոլիկլինիկայում՝ բժշկուհուն տալով 10 հազար դրամ։

«Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Հրազդանի բաժնից փոխանցվել են Շենգավիթի բաժին, որտեղից էլ հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա քննության»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ դեպքի հանգամանքների պարզման միջոցառումները շարունակվում են։

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am