Քննարկվում է խնայբանկում ներդրած ավանդների դիմաց նաև արցախցիներին փոխհատուցում տրամադրելու hարցը

11:25, 5 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում տալու ծրագրի շահառու դարձնել նաև Արցախի հայրենակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ  աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

Նախարարն անդրադառնալով «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող և նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 93 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագրին՝ ասաց. «2020-ի փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 211 մլն 864 հազար դրամ՝ 5 878 շահառուի համար: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացվել է 1 մլրդ 212 մլն դրամ՝ 8 125 շահառուի համար: 2022-ի համար նախատեսվում է 1 մլրդ 515 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում կտրամադրվի շուրջ 7 900 շահառուի»:

2022-ից ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կտրվի նաև մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուներին: Մինչ այս այդ իրավունքը տրված էր մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին: «Նաև քննարկում ենք այս ծրագրի շահառու դարձնելու Արցախի մեր հայրենակիցներին, որոնք խնայբանկում ավանդներ ունեն: Դա գտնվում է քննարկման փուլում»,- ասաց նախարարը:


© 2009 ARMENPRESS.am