Պետական մարմինների հետ կապված գլխավոր խնդիրը թիրախային վարչարարության բացակայությունն է. ՄԻՊ

17:12, 3 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պետական մարմինների հետ կապված գլխավոր խնդիրներից մեկն է համարում թիրախային վարչարարության բացակայությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը Թաթոյանն ընդգծեց, որ պետության պոզիտիվ պարտավորությունների բեռը քաղաքացու վրա պետք է չմնա:

«Պետական մարմիններում հաշվի չեն առնվում մարդու անհատական առանձնահատկությունները:Դեպքեր են լինում, երբ պետական մարմինները հաշմանդամություն ունեցող մարդկանց կենսաթոշակների վրա բռնագանձում են իրականացնում: Օրինակ` մարդը զանգում է հարկադիր կատարման ծառայություն տեղեկացնում է իր կարգավիճակի մասին, իսկ իրենից հիմնավորում ու փաստաթղթեր են պահանջում, խնդիրը լուծելու փոխարեն: Մենք պետք է մեր թիրախները ճիշտ ընտրենք, որ պետության պոզիտիվ պարտավորությունների բեռը քաղաքացու վրա չմնա»,- ասաց  Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով` իրենց կողմից այս ոլորտում աշխատանքներ տարվում են անհատական դեպքերով, սակայն խնդիրը համակարգային է և այն պետք է լուծում ստանա:


© 2009 ARMENPRESS.am