Մատենադարանը կվերականգնի Ղաջարական դարաշրջանի տասը ձեռագրակազմ

15:50, 3 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մատենադարանը կանցկացնի «Իրանի մշակույթի օրեր»: Միջոցառումը մեկնարկեց նոյեմբերի 3-ին «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական ծրագրով, որն իրագործվում է Իրանի Իսլամական Հանրապետության  դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում և ԱՄՆ-ից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը, որն առանձնահատուկ տեխնիկայով կվերականգնի Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագիր:

[gallery id= 65296]

Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց՝ Իրանն ու իրանցիները ոչ միայն Հայաստանի մոտ հարևաններն են, այլև՝ բարեկամները: «Անցած 30 տարում մեր երկիրը դժվարությունների միջով է անցել. տեսել ենք պատերազմ, հեղափոխություններ, երկրաշարժ, շրջափակում և այլն, և միշտ կարևոր է եղել զգալ, որ կողքիդ վստահելի  հարևան և բարեկամ կա»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ իրանագիտությունը Հայաստանում առաջատար ճյուղ է եղել դեռ 19-րդ դարից, և Մատենադարանում այն ամուր հիմքեր է ունեցել տասնամյակներ շարունակ:

Մատենադարանի տնօրենը տեղեկացրեց, որ, բացառիկ ձեռագրակազմերի վերականգնումից զատ, Իրանի մշակույթի օրերի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսում. Մատենադարանում բացվելու է Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրություն, որին զուգընթաց կկայանա Քրիստինե Կոստիկյանի  «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» և Իվեթ Թաջարյանի «Ղաջարական արվեստի  նմուշները Մատենադարանում» գրքերի շնորհանդեսը:

ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ ընդգծեց, որ հայ-իրանական տարվա շրջանակում Հայաստանի տարբեր կրթամշակութային հաստատությունների հետ տարատեսակ նախաձեռնություններ են իրականացվելու: «Վստահ ենք, որ մշակույթի բնագավառներում միմյանց ճանաչելը պետք է նպաստի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Ձեռագրերի և այլ նմուշների պահպանումը լավագույն ապացույցն են, որ երկու երկրները դարավոր և հինավուրց կապեր ունեն»,- ասաց նա և հավելեց, որ Իրանում առկա հայկական ձեռագրերը, եկեղեցիները, հուշարձանները Իրանի վերահսկողության ու պահպանության ներքո են և դրանց մի մասն էլ անգամ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո է:

Իրանից ժամանած վերականգնող Համիդ Մալեքյանն էլ հույս հայտնեց, որ իր կարողությունների սահմաններում կկարողանա օգտակար լինել Մատենադարանին:

«Մենք պետք է կարողանանք տարբեր երկրներում վերականգնել մեր պատմական անձնագրերը, որոնք մեր ապագայի առհավատչյան են, և երկարացնել նրանց կյանքը: Ձեռագրերն ու պատմական փաստաթղթերը չափազանց կարևոր են: Մենք պետք է հաշվի առնենք, որ դրանք մարդկության պատմության մասին խոսող ամենաարժեքավոր նմուշներից են թղթի գյուտը, որը տարածվում էր Չինաստանից, զարդարվեստը՝ գեղանկարչությունն ու գրությունը: Ի վերջո,ձ ձեռագրերի շնորհիվ տարբեր երկրների մեծերի, դասականների ստեղծագործություններն են պահպանվել ու հասել մեր օրեր»,-շեշտեց Մալեքյանը:

Հայ-իրանական քաղաքական, պատմական ու մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր  պարսկերեն ձեռագրեր և վավերագրեր, որոնք առավել ակնառու են դարձնում երկու ժողովուրդների դարավոր կապերը: Իրանական հավաքածուն ոչ միայն ամենահարուստն է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի շարքում, այլև գտնվում է ուսումնասիրման և վերականգնման աշխատանքերի առաջնահերթությունների շրջագծում:

 


© 2009 ARMENPRESS.am