Արմեն Սարգսյանը ժամանել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային համաժողովի անցկացման վայր

14:13, 1 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովի անցկացման վայր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը ողջունեց և կարճատև զրույց ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ. Բորիս Ջոնսոնը և Անտոնիո Գուտերեշը դիմավորում են երկրների ղեկավարներին, որոնք Գլազգո են ժամանել համաժողովին մասնակցելու համար:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովն անցկացվում է Գլազգոյում:

Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան:

Քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ:

Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա:


© 2009 ARMENPRESS.am