Musk Factor սերիալում նկարահանվելու համար ավելի քան 12 հազար դերասան է դիմել

13:47, 30 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության Musk Factor կատակերգական սերիալն աշխարհահռչակ Backstage հարթակի միջոցով հայտարարել է դերասանների քասթինգ։ Ընդամենը մի քանի ժամում նախագծին մասնակցելու համար ընկերությանը տարբեր դերերի համար դիմել է ավելի քան 12 հազար դերասան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Musk Factor-ում նկարահանվելու համար ցանկություն են հայտնել ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, և հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ Musk Factor-ի հայտարարած քասթինգը հայտնվել է կայքի թոփ թրենդների բաժնում։

«Backstage-ն աշխարհի ամենահայտնի հարթակն է. այս հարթակով են դերասաններ փնտրում այնպիսի հզորագույն ընկերություններ, ինչպիսիք են Disney-ը, Netflix-ը, Amazon-ը, NBC-ն, HBO-ն և այլք։ Օրինակ՝ հենց այս պահին հարթակում Marvel-ն իրականացնում է «Գալակտիկայի պահապանները-3» ֆիլմի քասթինգը։ Մեզ համար հայտնվել նման կայքի թրենդներում այն էլ ընդամենը երեք ժամում, իսկապես, փայլուն արդյունք է։ Նշանակում է, որ մեր նախագիծը շատ հետաքրքիր է դերասանների համար և նրանց ուշադրության թիրախում է», -նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։

Նա հավելում է, որ հայ դերասանները նույնպես կարող են այս հարթակի միջոցով մասնակցել ֆիլմի քասթինգին և իրենց ուժերը փորձել ֆիլմում նկարահանվելու համար։

Նախագծի նկարահանումները սկսվելու են հաջորդ տարվա ապրիլից։

Musk Factor հայկական արտադրության 10 մասանոց ֆիլմը պատմում է չորս տղաների մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Նրանք ստեղծում են մարդկանց թվային կլոններ․ մարդու վիրտուալ կրկնօրինակը թվային տարածքում։ Օգտագործելով այս տեխնոլոգիաները՝ չորս ընկերները հիմնում են նաև սոցիալական ցանց, որտեղ օգտատերերը կարող են հաղորդակցվել նույնիսկ արհեստական բանականության կողմից ստեղծված վիրտուալ մարդկանց հետ։ Այսինքն՝ հնարավոր է նաև շփվել մահացած մարդկանց հետ (Սթիվ Ջոբս, Մայքլ Ջեքսոն, 2pac և այլն) ։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում այն պահից, երբ գլխավոր հերոսներից մեկի հայրը թռնում է Մարս՝ դառնալու այդ մոլորակի առաջին բնակիչներից մեկը։

Սերիալում ներկայացված են մոտ ապագայի՝ 2028 թվականի իրադարձությունները, և թե ինչպիսին է լինելու աշխարհն այդ ժամանակաշրջանում՝ Musk Factor-ի թիմի աչքերով։

 

 


© 2009 ARMENPRESS.am