Աթլետիկան ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում

17:44, 29 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (ԵՕԿ)  հայտնել է աթլետիկա մարզաձևը Եվրոպական երրորդ խաղերի ծրագրում ընդգրկելու մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մրցաշարը կանցկացվի մայրցամաքի թիմային առաջնության ձևաչափով։ 

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ԵՕԿ-ի և աթլետիկայի եվրոպական  ֆեդերացիայի  (EA) միջև։ Բոլոր երկրները, անկախ նրանից, թե որ դիվիզիոնում են հանդես գալիս, կմասնակցեն խաղերին։ Մրցավայր է ընտրված  «Շլյոնսկի» ստադիոնը, որը գտնվում է Լեհաստանի Խուժուվ և Կատովիցե քաղաքների  միջև:

Կողմերը  երկար են  քննարկել  թիմային առաջնությունը ստուգատեսի  ծրագրում ինտեգրելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ աթլետիկան ներառված էր Եվրոպական նախորդ երկու խաղերի ծրագրում։ Մինսկի խաղերում կազմակերպիչները փորձարկել են թիմային նոր ձևաչափ, որը կրում է «Դինամիկ աթլետիկա»  անվանումը։ 

Ծրագրում ընդգրկված որոշ  մարզաձևերում մասնակիցները   ձեռք կբերեն  Փարիզ -2024 -ի օլիմպիական ուղեգրեր:  

Կազմկոմիտեն և համակարգող հանձնաժողովը  շարունակում են  բանակցել  միջազգային համապատասխան  ֆեդերացիաների հետ՝ ծրագիրը համալրելու նպատակով:

Եվրոպական մարզական ամառային երրորդ խաղերը տեղի կունենան Լեհաստանում ՝ 2023թ. հունիսի 9 – 25 –ը:

 


© 2009 ARMENPRESS.am