Հայկ Կոնջորյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին

17:55, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում:

Կարեւորվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում իրականացվող աշխատանքները:

 


© 2009 ARMENPRESS.am