Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն Գիլոյան

16:10, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով՝ «Վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարը կարող է նոր մշակույթի հիմք դառնալ սպորտը մասսայականացնելու հարցում:

«Սա կլինի երկրորդ մասսայական միջոցառումը «Վարչապետի գավաթ» անունով: Հաջորդ տարի կլինի արդեն 4 մրցաշար` հունվարի 28-ին` սեղանի թենիս, մայիսի 28-ին`  հեծանվավազք, հուլիսի 5-ին` լող, սեպտեմբերի 21-ին` վազք: Մեր նպատակը մեկն է` քարոզել առողջ ապրելակերպը: Հայաստանում պրոֆեսիոնալ մարզիկ 10 կմ վազող շատ քիչ կա: Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիլոյանը: Վերջինս շեշտեց, որ որպեսզի ձևավորվի սպորտային մշակույթ` ժամանակ է պետք:

Վազքին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2021 թվականի հոկտեմբերի 29-ը ներառյալ իրենց հայտերն ուղարկել [email protected] էլ. հասցեին։ Մասնակցության հայտի (համաձայն կցված ձևի) հետ նշված էլ. հասցեին պետք է ուղարկել նաև անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Հարցերի դեպքում զանգահարել (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77 հեռախոսահամարներով:

Մրցման նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Վազքին կարող են մասնակցել առողջական խնդիրներ չունեցող բոլոր քաղաքացիները (սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ): Մրցաշարի ընթացքում առաջացած առողջական խնդիրների դեպքում պատասխանատվությունը կրում է մասնակիցը:

Հիշեցնենք, որ կրոսավազքը կանցկացվի 3 տարիքային խմբերի համար` 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004- 2006 թթ. ծնվածներ) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) - 3 կմ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնվածներ) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնվածներ) տղամարդիկ - 10 կմ, 3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնվածներ) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնվածներ) և բարձր տարիքի տղամարդիկ - 10 կմ:

Առաջին խմբի մրցումը կմեկնարկի ժամը 13:00-ին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ երկրորդ և երրորդ խմբերինը՝ նույն ժամին Փարաքարի համայնքապետարանի հարակից տարածքից: Մասնակիցները պետք է անձը հաստատող փաստաթղթով մրցավայր ներկայանան մրցումներից երեք ժամ առաջ: Կրոսավազքի արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո:

Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղերը գրավածների համար` 75-հազարական դրամ, և 11-20-րդ տեղերի համար` 50-հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, եթե ունեն համապատասխան տեղեկանք առողջության վերաբերյալ: Դրամական պարգևներ կստանան ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մասնակցել հաշվարկից դուրս և ստանալ հավաստագրեր:

Կրոսավազքի կազմակերպչական աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:


© 2009 ARMENPRESS.am