Ադրբեջանցիները փորձում են կահավորել այն դիրքերը, որոնցում հայտնվել են, բայց նման փորձերը կանխվում են. Արման Սարգսյան

14:03, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ուժերը ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարում են, բայց դրանք կանխվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ ԱԺ-ում անդրադառնալով ՄԻՊ-ի ահազանգին, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կատարում են ինժեներական ակտիվ աշխատանքներ:

«Ի՞նչն է հերքում ՊՆ-ն և ինչո՞ւ է հերքում ՄԻՊ-ին: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն իրականացնում են ինժեներական աշխատանքներ»,- պաշտպանության փոխնախարարին հարցրեց «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը:

Արման Սարգսյանն արձագանքեց՝ նշելով, որ ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ փորձեր չեն կատարվում: «Բնականաբար, ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են: Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են, որ այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ որոշակի առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,- ասաց Սարգսյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին ահազանգել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:

ՄԻՊ-ի հայտարարությանը հետևել էր ՀՀ պաշտպանության նախարարության հերքումը, որտեղ ասվում էր, որ ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:

Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 21-ին կրկին հայտարարություն տարածեց՝ այս անգամ հրապարակելով նաև տեսանյութ:

«Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ, ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները»,- հոկտեմբերի 21-ի հայտարարության մեջ նշել է Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am