«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների  գործունեությունը կդադարեցվի

13:18, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ընդունած որոշմամբ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, թե այս որոշումով 2022 թվականին կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ: «Սա շատ կարևոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար։ Ունենք 12 ՔԿՀ ու, եթե այս նախագիծն արժանանա հավանության, ապա մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով ու պայմանները լավացնելով՝ մենք կկարողանանք էլ ավելի օպտիմալացնել համակարգը՝ լուծելով մարդու իրավունքների խնդիրները»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այսօր 5 346 տեղ կա, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, բայց այն համալրված է 2113-ով: Գրեթե բոլոր ՔԿՀ-ներում տեղերը կիսով չափ դատարկ են:

Միաժամանակ նախարարը հավելեց, որ կրճատվելու է 280 հաստիք, ինչը կարող է առաջացնել որոշակի դժգոհություն: «Բայց մենք խնդիր ունենք որոշակի վեթինգ իրականացնել ՔԿՀ-ներում, այդ 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու են այլ ՔԿՀ-ներ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը կլինեն կադրերի ռեզերվում»,- ասաց արդարադատության նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այսօր Հայաստանում կալանավորված ու դատապարտված անձանց պատմական նվազագույն է:
«Մեր ՔԿՀ-ների մի մասում, մասնավորապես, «Կոշ»-ում ու «Հրազդան»-ում անմարդկային պայմաններ են, և կալանավորված մարդիկ պահվում էին անմարդկային պայմաններում»,- ասաց նա՝ հավելելով, որ ՔԿՀ-ները Հայաստանում երկար ժամանակ, հիմա էլ՝ հանցագործ արտադրող ձեռնարկություններ են:
«Այսինքն՝ մարդը կարող է պատահական մի միջադեպով ընկնի այնտեղ ու այնտեղից դուրս գա որպես պրոֆեսիոնալ հանցագործ»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:


© 2009 ARMENPRESS.am