Քննարկվում է բաց տարածքներում ևս դիմակներ կրելու հարցը. վարչապետն անդրադարձավ պատվաստման արդյունավետության սեփական օրինակին

12:11, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քննարկվում է բաց տարածքներում ևս դիմակներ կրելու կարգ սահմանելու հարցը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին  կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, ցավոք, գտնվում է լարված։

«Այստեղ շատ կարևոր է արձանագրել, թե մեր ռազմավարական պատկերացումը իրավիճակի կառավարման հետ կապված որն է։ Իհարկե, այսօր երկրներ կան, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ լոքդաունի տրամաբանության։ Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք։ Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացում, և չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք։

Ընդ որում, չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը։ Ինչի՞ համար։ Ոչ թե խնդիրն այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, բայց երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել։ Սա քննարկում ենք և չենք բացառում, որ որոշում կայացնենք»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կարևոր մոտեցումը, սակայն, պատվաստումներն են։ «Մեր կառավարությանը հաջողվել է, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ և ստացած խոշոր նվիրատվությունների շնորհիվ, ունենալ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստվելու անհրաժեշտ պատվաստանյութեր։ Եվ մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ այս պատվաստումների ուղղությամբ։ Իհարկե, ես չգիտեմ՝ ինչքանով է պատեհ կիսվել անձնական փորձառությամբ, բայց ես ուզում եմ կիսվել անձնական փորձառությամբ։

Նախկինում ասել եմ, որ մեր ընտանիքի վեց անդամներից ավագները պատվաստվել են, բացի երկու երեխաներից։ Եվ վերջերս պատահեց այնպես, որ 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, և մենք դրա մասին իմացանք բավական ուշ՝ մոտ մեկ շաբաթ անց։ Ամեն օր ընտանիքում շփում, թե այդ շփումն ինչքան սերտ է լինում, գիտենք յուրաքանչյուրս, և մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով։ Մյուս կողմից, մենք բոլորս կարող էինք վարակվել, որովհետև պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավարում չվարակվելուց։ Կոնկրետ մենք մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյուավետությունը»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա, հետևաբար, կառավարության ռազմավարությունը հետևյալն է՝ պետք է դիմակների կրման պայմանները խստացնել, երկրորդ՝ գնալ պատվաստումների ծավալն ընդլայնելու ճանապարհով։ Ըստ նրա՝ պատվաստումների գործընթացում կան նաև չարաշահումներ։ «Ես սա ցավով եմ ասում՝ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք՝ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված։ Ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում՝ 6 հոգի, և պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքեր։ Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութն ուղղակի փչացնում են, բացում են սրվակը, դատարկում»,- ասաց նա։

 


© 2009 ARMENPRESS.am