Արքայազն Չարլզը Գլազգոյի կլիմայական համաժողովին հանդես կգա բացման ելույթով

21:34, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի արքայազն Չարլզը ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխությունների հարցով 26-րդ համաժողովի շրջանակում հանդես կգա բացման խոսքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է արքայազնի գրասենյակը:

Արքայազն Չարլզը, ով բացման խոսքով էր հանդես եկել նաև 2015-ին Փարիզի համաժողովի ժամանակ, Գլազգոյում ելույթ կունենա նոյեմբերի 1-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցի ՄԱԿ-ի համաժողովին: Բուքինգհեմյան պալատից հայտնել էին, որ բժիշկների խորհրդով՝ 95-ամյա թագուհին իր պարտականությունները կատարում է Վինձորի պալատից:

Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան: Շուրջ 25 հազար մասնակիցներով՝ կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումը կլինի Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարևոր միջոցառումը՝ 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո:

Համաժողովին իրենց մասնակցությունն այս պահի դրությամբ հաստատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արքայազն Ուիլիամը և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և այլք:

 

 


© 2009 ARMENPRESS.am