Փաշինյանը վերահաստատում է՝ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել

16:48, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ սահմանապահ զորքերը Փայլասարի հատվածում շարունակում են ծառայություն  իրականացնել այն դիրքերում, որտեղ սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին:

«ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ այս դահլիճում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որը եղել է նախկինում»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այդ առիթով ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, սահմանապահ զորքերի հրամանատարը դռնփակ ռեժիմով նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին:

«Այս հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Եվ 2020-ի դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ»,-ասաց վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am