Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով

16:41, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում են «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ գեղաթերթիկի մարումը կիրականացնեն Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ գերաշնորհ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

[gallery id= 65264 ]

Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 630 ՀՀ դրամ անվանական արժեք:

Գեղաթերթիկի ձախ նամականիշի վրա պատկերված է Հովհաննես Պողոս II Պապը, ով այցելել էր Հայաստան 2001 թվականին, իսկ գեղաթերթիկի աջ նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապն, ով այցելել էր Հայաստան 2016 թվականին: 

Գեղաթերթիկի վերին և ստորին հատվածներում նշված են «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան» և «ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված է Խոր Վիրապի վանքը և Արարատ լեռը:

Թողարկման օրը` 27 հոկտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 30,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 100,0 x 80,0 մմ

Տպաքանակը՝ 25 000 հ.

 

 


© 2009 ARMENPRESS.am