Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայում թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ բիզնես ֆորումի է մասնակցել

10:29, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում մասնակցել է «Ապագա ներդրումների նախաձեռնություն» խորագրով ֆորումին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Saudi Gazette-ի «Թվիթեր»-ի էջում լուսանկարներ և տեսանյութր են հրապարակվել համաժողովից, որոնցից պարզ է դառնում, որ ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ մասնակցել է «Ապագա ներդրումների նախաձեռնություն» ֆորումին:

ՀՀ նախագահի աշխատակազմը հոկտեմբերի 26-ին հայտնեց, որ  նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում։

Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am