Երևանի ավտոբուսները կհամալրվեն 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներով

14:34, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը 67,800.0 hազ. դրամ կուղղի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել թվով 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Նախագծին ընդունվեց 36 «կողմ», 0 «դեմ» և երկու «ձեռնպահ» քվեարկության արդյունքում:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ  բոլոր նոր ավտոբուսները հագեցած են լինելու մետաղադրամների հաշվիչ մեքենաներով: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն տոմս գնել: «Տոմս գնելն անհարմար կլինի, քանի որ ուղևորները ստիպված կլինեն գնալ հատուկ կրպակ կամ մետրո, կամ այլ վայրեր  ու  վճարել հարյուր դրամ և գնել տոմսը: Մենք ավելի հեշտացրել ենք բոլորի գործը»,- նշեց Մարությանն ու հավելեց, որ դա հարցի ժամանակավոր լուծում  է, որովհետև առաջիկայում նախատեսում են անցնել քարտային համակարգի: Անկանխիկ  համակարգը կընդունի բոլոր տեսակի քարտերը:

 «Կլինի մի շրջան, երբ և՛ կանխիկ, և՛ քարտային համակարգն էլ կգործեն: Դա կարող է տևել վեց ամիս կամ մեկ տարի: Դա անցումային փուլ է, որը չենք կարող չանցնել: Կտրուկ փոփոխություններին դեմ եմ. պետք է քիչ-քիչ գնալ փոփոխությունների, որ մարդիկ հարմարվեն»,- շեշտեց Երևանի քաղաքապետը:

Նա տեղեկացրեց, որ 100 միավոր 6-մետրանոց փոքր դասի ավտոբուսներ են բերվել Հայաստան: «8- և 6-մետրանոց 211 ավտոբուս է հասել Երևան: Տեղափոխման ընթացքում 4 կամ հինգ միավոր է վնասվել, որոնք կարգի կբերվեն: Ավտոբուսները կաշխատեն որոշ փաստաթղթային և այլ հարցեր լուծելուց հետո: Այս պահին վարորդներն ուսուցում են անցնում նաև արտադրողի և մասնագետների կողմից, որոնք հատուկ այդ նպատակով են ժամանել Երևան»,- հայտնեց Մարությանը:


© 2009 ARMENPRESS.am