Քաղաքապետարանը գումար կտրամադրի ԵԱՍՄ-ի և Կենդանիների վնասազերծման կենտրոնի վարչական շենքեր կառուցելու համար

14:04, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Երևան քաղաքի  2021 թվականի բյուջեում իրականացնել փոփոխություններ, ըստ որոնց շրջակա միջավայրի պաշտպանության ենթակառուցվածքների  զարգացում ծրագրին կհատկացնի 409 մլն 931 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի Շիրակի փողոցի 88.1 հասցեում Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի և Թեյշեբանի փողոցի 8.8 հասցեում  «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի վարչական շենքերի կառուցման աշխատանքներ:

Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի  N 310 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը քննարկվեց և 31 «կողմ», 1 «դեմ» և 7 «ձեռնպահ» քվեարկության արդյունքում ընդունվեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն ասաց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքը վարչական աշխատակիցների աշխատանքի համար հարմարեցված տարածք չունի: Նրանցից մի քանիսը քաղաքապետարանի՝ Բյուզանդի 2-րդ վարչական շենքի երկու սենյակում են աշխատում՝ անհարմար պայմաններում: Նրա խոսքով՝ նոր շենքը 14 աշխատակիցներին հնարավորություն կտա տեղափոխվել Թեյշեբանի հասցե և աշխատել մեկ հարկի տակ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ  խոսքը համակարգի ճիշտ աշխատանքի մասին է, այսինքն՝ բոլոր աշխատակիցները պետք է կենտրոնացած լինեն մեկ վայրում, որպեսզի աշխատանքն առավել արդյունավետ դառնա, և բարձրանա աշխատակիցների ՕԳԳ-ն:

Անդրադառնալով Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկին՝ Մարությանն ասաց, որ անտեղ աշխատակիցների համար  հանդերձարան է նախատեսվում կառուցել, ճաշարան, մեքենաների սպասարկման համար ավտոտնակներ և այլն:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am