Անօրինական միգրանտների խնդրով պայմանավորված՝ Լեհաստանը սահմաններին ավելացնում է զինվորականների թիվը

21:45, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անօրինական ներգաղթյալների թվի մեծացմամբ պայմանավորված՝ Լեհաստանի իշխանությունները կներգրավեն ևս մոտ 2500 զինվորականի Բելառուսի հետ սահմանը պահպանելու համար։ Լեհաստանը սահմանին զինվորականների թիվը հասցնում է 10 հազարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Twitter»-ում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

Եվրամիությունը մեղադրում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին միգրացիոն ճգնաժամը դիտավորյալ հրահրելու համար, այն է՝ կազմակերպվում է հազարավոր անօրինական միգրանտների ուղղորդումը ԵՄ սահմաններ` ի պատասխան Եվրոպայի կիրառած պատժամիջոցների:

Մայիսին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկն այլևս հետ չի պահի փախստականներին ԵՄ երկրներ ճանապարհորդելուց: Դրանից հետո անօրինական միգրանտների հոսքը կտրուկ ավելացել է առաջին հերթին դեպի Լիտվա, ապա՝ Լեհաստան։

 


© 2009 ARMENPRESS.am