«Եռաբլուր»-ում կայացել է գնդապետներ Սարգսյանի և Շաքարյանի մահվան տարելիցի հիշատակի արարողություն

18:17, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և հարազատներ, ովքեր հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Ըստ աղբյուրի՝ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկայացվել են զոհված զինվորականների անցած հերոսական մարտական ուղին և կատարած սխրանքը։

 


© 2009 ARMENPRESS.am