Օպերայի բակում բացվել են COVID-19-ի դեմ պատվաստման մեկօրյա կետեր

13:46, 24 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում (Ազատության հրապարակ) բացվել են COVID-19-ի դեմ պատվաստման մեկօրյա կետեր։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում» Հայկական Կարմիր խաչի ընկերության էջից։

«Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը:

Պատվաստումն իրականացվում է այս պահին Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով՝ ԱստրաԶենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդերնա»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունը նույն հարթակի իր էջի գրառմամբ նշել էր, որ կիրակի Երևանում պատվաստումների օր է։

«Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի «ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:

Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ»,- ասվում է գրառման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am