Ջերմուկում մեկնարկել են ենթակառուցվածքների արդիականացման մեծ ծավալի աշխատանքներ

11:45, 23 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը լինելով՝ Ջերմուկում նույնպես ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն կար։ Քաղաքում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնցից ներկայում իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է:

Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:


© 2009 ARMENPRESS.am