Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ

20:37, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ՝ ԵՄ-Բելառուս սահմանին միգրացիոն ճգնաժամ առաջացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի, նշված է Եվրամիության առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության խորհրդի գագաթնաժողովի արդյունքներով:

«Եվրամիությունը կշարունակի շտապ կարգով հակազդել բելառուսական վարչակարգի շարունակական հիբրիդային հարձակմանը՝ մասնավորապես սահմանափակող միջոցներ կիրառելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ», - ասված է համատեղ հայտարարության մեջ:

ԵՄ ղեկավարության պնդմամբ՝ Բելառուսը անօրինական ներգաղթյալներ է ուղարկում Եվրամիության երկրներ: Եվրոպական լիդերները հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են ներգաղթյալներին քաղաքական նպատակներով օգտագործելու երրորդ երկրների փորձերը:

 


© 2009 ARMENPRESS.am