Ըստ Օհանյանի՝ պատերազմից մեկ տարի անց իրավիճակին չի տրվել լիարժեք գնահատական

15:43, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մեկ տարի անց էլ իրավիճակին լիարժեք գնահատական չի տրվել, ինչն էլ հանգեցնում է անորոշությունների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

«Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Մեկ տարի է անցել, որ հարձակում գործվեց Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ: Եվ այդ մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին: Այս իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում Հայաստանի և Արցախի հեռանկարի համար»,- ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց՝ իրենք հավաքվել են այդ գնահատականը տալու և դրա արդյունքում որոշում ընդունելու համար: «Մեզ համար ակնհայտ են պատերազմի և´ պատճառները, և´ հետևանքները, բայց պատերազմի հետ նաև ցավալի է այն երևույթը, որ շարունակական է դարձել ՀՀ-ի, Արցախի համար պարտությունների և անհաջողությունների շարանը»,- ասաց նա և նշեց՝ ադրբեջանական ուժեր են գտնվում ՀՀ տարածքում:

Օհանյանը շեշտեց՝ իրենց կազմակերպած միջոցառումների առանցքում դրված է մեկ նպատակ՝ ազգային դիմադրողականության ստեղծումը: Նա ակնհայտ համարեց, որ Արցախն ու ՀՀ-ն միասին ավելի ամուր են: «Այսօր հայտնվել ենք այլ, ավելի վտանգավոր իրավիճակում: Մարտահրավերներն ու սպառնալիքներն այնքան հզոր են, որ անվտանգության միջավայրն այսօր ավելի փխրուն է դարձել մեր շուրջը»,- նշեց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ասաց. «Ունենք շատ հստակ զգացում՝ սպառնացող վտանգների, որ այսօր կանգնած են ՀՀ-ի և հայության առջև: Աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ, Հայաստանը մտել է մի գործընթացի, մի հորձանուտի մեջ, որտեղից թե ինչպես դուրս կգա, դրանից կախված է լինելու մեր սերունդների ապագան»:

Նա Արցախի, Հայաստանի առջև կանգնած լրջագույն սպառնալիքների արձանագրումը հրատապ համարեց՝ հասկանալու, թե ինչ ուղիներ կան դրան հաղթահարելու համար:

Քննարկման արդյունքում դաշինքը նախատեսում է ձևավորել աշխատանքային խումբ, որը հետագայում նախագիծ կմշակի:

 


© 2009 ARMENPRESS.am