«Yerevan Open»-ի ավարտին մնացել է մեկ տուր  

10:18, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մրցաշարի 8-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը հնդիկ Պորանիկ Աբհիմանյուն է: Նա ունի 7 միավոր:

6,5-ական միավոր ունեն երեք շախմատիստ, այդ թվում՝ և Հայաստանի ներկայացուցիչ Արման Միքայելյանը: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Երևանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարը բաժանված է երկու ենթախմբի` A և B: A ենթախմբի մրցաշարին մասնակցում են 129 շախմատիստներ 10 երկրից: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի հնդիկ Նարայանան` 2647: Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցում են Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Կարեն Մովսիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Շահինյանը, Արթուր Դավթյանը և ուրիշներ:

Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ:


© 2009 ARMENPRESS.am