Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին

15:45, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի աշխարհի տասնակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Ռոջեր Գրեյսին Հանրապետության նախագահին է ներկայացրել իր տպավորությունները մեր երկրից՝ նշելով, որ ցանկանում է իր համար բացահայտել Հայաստանը: 

«Այցի ընթացքում կազմակերպելու եմ նաև ջիու-ջիթսուի վերաբերյալ սեմինար: Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը ու վստահ եմ, որ նորից կայցելեմ»,- ասել է Ռոջեր Գրեյսին:

Գրեյսիների ընտանիքը երկար տարիներ ջանքեր է ներդրել ողջ աշխարհում ջիու-ջիթսու մարտարվեստի զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծված և միջազգային ճանաչում ունեցող «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ն ասոցացված դպրոցներ ունի աշխարհի մի շարք երկրներում:

 


© 2009 ARMENPRESS.am