ՀՀ դեսպանը ՄԹ խորհրդարանի անդամներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

10:33, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին եւ Արցախին հատկապես պատերազմի ժամանակ մշտական աջակցություն ցուցաբերելու եւ ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու եւ սատարելու համար։ Դեսպանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիվ գործողությունները եւ բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունները։

Վարուժան Ներսեսյանը հատուկ կարեւորել է Բաքվում մինչ օրս գտնվող ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը։ Դեսպանը ներկայացրել է նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այս հարցում միջազգային գործընկերների հստակ դիրքորոշում արտահայտելու կարեւորությունը։ 

Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի գործոնը եւ տարածաշրջանում բացասական ազդեցությունը, որի վառ արտացոլումն էր Արցախում անցած տարվա պատերազմում անմիջական ներգրավվածությունը։

Դեսպանը և ՄԹ խորհրդարանի համայնքների պալատի անդամները կարեւորել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացումը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ միջազգային հարթակներում տարբեր հարցերի շուրջ փոխգործակցությունը:


© 2009 ARMENPRESS.am