Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կրթական ծրագրերի և ապագա նախաձեռնությունների մասին

09:42, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ՓՈԴՔԱՍՏ: Ի՞նչ առաքելություն է իրականացնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը կրթական ոլորտում, որո՞նք են նախանշված առաջնահերթությունները, ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվում և  որո՞նք են համագործակցության շրջանակները։

«Արմենպրես»-ի Փոդքաստ նախագծի շրջանակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության մասնագետներ Անի Մանուկյանի և Արթուր Դրամփյանի հետ խոսել ենք Հայաստանում կրթության ոլորտում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրականացրած ծրագրերի, դրանց ընթացքի , արդյունքների և սպասվելիք նորությունների մասին։

-Բարև ձեզ։ Գիտենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը իրականացնում է մի շարք ծրագրեր: Անդրադառնանք կրթության ոլորտին առնչվող ծրագրերից մի քանիսին։

-Պարոն Դրամփյան խոսենք Տեղական ժողովրդավարության դպրոց (School of Local Democracy) նախագծի մասին։ Ինչի՞ն է միտված ծրագիրը, ի՞նչ կարևոր գործառույթներ ունի և ո՞ր  մարզերն են ընդգրկված։

-Տեղական ժողովրդավարության դպրոցը  ստեղծվեց, երբ մենք տեսանք, որ շատ մեծ ներուժ կա երիտասարդների շրջանում։ Երիտասարդներ կան, ովքեր շատ մեծ ցանկություն  ունեն իրենց համայնքներում փոփոխություններ իրականացնելու, բայց չունեն որոշակի գիտելիքներ՝ հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների , տեղական ժողովրդավարության մասին։ Եվ մենք նախաձեռնեցինք այս ծրագիրը, որը շենք չէ, դպրոց չէ, այն շարժական է և տեղափոխվում է մարզից մարզ. մենք հիմնականում մարզերում ենք աշխատում։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը։ Դասընթացը շատ մեծ հնարավորություն է ստեղծում, քանի որ ավարտելուց հետո երիտասարդները կարող են ծրագրեր ներկայացնել և դրանք իրականացնել իրենց համայնքներում։ Այն նաև լավ հարթակ է երիտասարդների համար՝ իրար հետ ծանոթանալու, շփվելու և ինչու չէ նաև համագործակցելու համար։ Դպրոցում մասնակիցները ձեռք են բերում առաջնորդության հմտություններ, սովորում են մարդու իրավունքներ, ի՞նչ է նշանակում համայնքային աշխատանք , ինչպե՞ս են աշխատում տեղական ինքնակառավարման մարմինները, ի՞նչ ձևեր, մեթոդներ կան մասնակցելու ավագանու նիստերին  և ինչպե՞ս համայնքում մոբիլիզացնել հնարավորինս շատ երիտասարդների։  

 

-ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ներառական կրթության ոլորտում ևս ծրագրեր է իրականացնում։ Տիկին  Մանուկյան կխնդրեմ մանրամասնեք դրանք, այս պահին ի՞նչ նախաձեռնություններ ունեք և ի՞նչ փուլում են դրանք։

Առաջնային ուզում եմ անդրադառնալ  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտեցմանը կրթությանը: Գործակալությունը վստահ է, որ որակյալ կրթությունը ամենամեծ ներդրումն է, ինչը երկիրը կարող է անել իր ապագայի և իր ժողովրդի համար:  Դա այն հնարավորությունն է, որը կտա զարգացում մնացած բոլոր ոլորտներում։ Եվ այս մոտեցմամբ էլ  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում իրականացնում է մի շարք ծրագրեր։

Ծրագրերից մեկը  ուղղված է կառավարության  ներառական  կրթության համակարգի հզորացմանը:  Ինչպես գիտեք, Հայաստանը համընդհանուր ներառական կրթությունը հռչակել է որպես երեխայի իրավունքի իրականացման  երաշխիք,  և դա նշանակում է, որ յուրաքանչյուր երեխա, այդ թվում նաև  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, պետք է ստանան որակյալ  կրթություն, մատչելի հարմարեցված միջավայրում և հավասար հնարավորություններով։ Այս շրջանակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ԿԳՄՍՆ -ի  հետ իրականացնում է ծրագիր , որի շրջանակում ընտրված դպրոցներում կիրառվում են ֆիզիկական  մատչելիության ապահովում, որպեսզի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կամ հաշմանդամություն ունեցող երեխաները կարողանան կրթություն ստանալ՝ ինչպես մնացած բոլոր իրենց հասակակիցները։ Հաջորդ ծրագիրը որով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ավելի բովանդակային  աջակցություն է  տրամադրել  ԿԳՄՍ նախարարությանը, դա ներառական կրթության որակյալ մատուցման ռազմավարական տեսլականի  մշակմանն էր ուղղված, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակմանը:  Ի՞նչ է պետք անել, որպեսզի ներառական կրթությունը ավելի որակյալ լինի և ավելի մատչելի՝ ելնելով միջազգային երկրների և մեր  ունեցած փորձից և քաղած դասերից։   

Նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կրթական այս ծրագրերը իրականացվում են Հայաստանի բոլոր մարզերում։ Դրանք միտված են բոլոր համայնքներում և գյուղերում ապահովելու  որակյալ կրթություն, իսկ երիտասարդներին՝  ներգրավելու համայնքի զարգացման և ակտիվացման գործում։

 

Գայանե Գաբոյան

 


© 2009 ARMENPRESS.am