Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12:25, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալի Բադարա Կամարային` (նստավայրը՝ Թեհրան):

«Շնորհավորելով Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան Ալի Բադարա Կամարային նշանակման կապակցությամբ՝ Արմեն Ղևոնդյանը հաջողություն է մաղթել նրան իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Սիերա Լեոնեի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԱԳ նախարարի տեղակալին, նշել է, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու նպատակով։ Երկուստեք կարևորվել է համատեղ քայլերի ձեռնարկումը՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու նպատակով։

Հանդիպման ընթացքում Արմեն Ղևոնդյանը դեսպանին համապարփակ կերպով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։

 

 


© 2009 ARMENPRESS.am