Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայքարում են տարածաշրջանում նոր ստատուս- քվոյի համար. Ռուբեն Սաֆրաստյան

18:24, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունենում պայքար նոր ստատուս-քվոյի համար և այդ պայքարը նոր է սկսվում: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված գիտաժողովին հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ ներկայացնելով «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկա փուլում» թեմայով իր զեկույցը:

Զուգահեռներ անցկացնելով ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների և 1921 թվականի իրադարձությունների միջև, երբ կնքվեցին Թուրքիային և Ադրբեջանին հայկական մի շարք շրջանների հանձնումը ամրագրող տխրահռչակ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, Սաֆրաստյանը բացատրեց, որ այսօրվա իրավիճակի տարբերությունն այն է, որ նոր տարածաշրջանային աշխարհակարգի ձևավորման պայքարում Ռուսաստանին են միացել Թուրքիային և Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Թուրքագետի խոսքով՝ դա նախորդ տարվա նախապատերազմյան ընթացքում Ռուսաստանի թույլ տված ռազմավարական կոպիտ սխալի հետևանքն է:

«Այն պայքարը, որ հիմա տեղի է ունենում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուսի համար, աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ չի հաստատում այդ ստատուս-քվոն, այլ ստիպված է հաշվի նստել Թուրքիայի հետ: Այս իրավիճակը ես բացատրում եմ նրանով, որ Ռուսաստանը շատ կոպիտ աշխարհառազմավարական բնույթի սխալ թույլ տվեց, երբ 2020 թվականի գարնան և ամռան ամիսներին չխոչընդոտեց Թուրքիայի կողմից նորագույն զենքերի մատակարարմանը Ադրբեջանին, վարձկանների տեղափոխվելուն Ադրբեջան և ընդհանրապես տարածաշրջանում թուրքական ռազմական ներկայությունը ուժեղացնելուն: Փաստորեն, Թուրքիան այդպիսով կանխորոշեց Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Եվ դա հնարավորություն տվեց Թուրքիային արտահայտելու իր դերակատարումը այն պայքարում, որ հիմա տեղի է ունենում տարածաշրջանում», - մեկնաբանեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ներկա տարածաշրջանային զարգացումների մյուս առանձնահատկությունն, ըստ Սաֆրաստյանի, այն է, որ ռեգիոնալ պայքարին է միացել նաև հարևան Իրանը, որը բավական ուշ մտավ խաղի մեջ:

Սաֆրաստյանի խոսքով՝ իրանցի գործընկերները հասկացան, որ սխալ են թույլ տվել քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ՝ դրական չեզոքություն պահպանելով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում, սակայն, Իրանը կտրուկ ակտիվացել է՝ բավական կոշտ ռազմաքաղաքական կեցվածք ընդունելով հատկապես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հանդեպ:

Տարածաշրջանի համար Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության պայքարին միացած Իրանը, որպես իր դիրքերի ամրապնդման կարևոր հաղթաթուղթ, գործի է դրել տնտեսական խոշոր նախագիծ՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը: Ամենաուշագրավ տարրերից մեկն այստեղ, ըստ զեկուցողի, Արևելքի խոշոր դերակատարներից մեկի՝ Հնդկաստանի ներգրավումն է գործընթացին, որն աննախադեպ երևույթ է:

Խոսքը Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհի մասին է դեպի սևծովյան ավազան՝ Հունաստան, Բուլղարիա, և դեպի հյուսիս՝ Ռուսաստան:

Այս լույսի ներքո Հնդկաստանի արտգործնախարարի հոկտեմբերի 12-13-ի պաշտոնական այցը Հայաստան, իհարկե, շատ բանի մասին է խոսում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Էրդողանի վարչակարգը Թուրքիան համաշխարհային տերություն դարձնելու քաղաքականություն է վարում: Ընդ որում, ի տարբերություն 1920-21 թթ. իրավիճակի՝ Թուրքիան այս անգամ ունի բավական լավ «նախնական դիրքեր» մեր տարածաշրջանում իր նպատակին հասնելու համար, որն է՝ տարածաշրջանը դարձնել իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ:

Ըստ թուրքագետի՝ թուրքերն օգտագործում են Ադրբեջանը իրենց այդ նպատակին հասնելու համար: Եվ եթե հաշվի առնենք, որ Թուրքիան, ուղղակիորեն ներգրավվելով Արցախի դեմ պատերազմում, այդուհանդերձ, չհասավ Արցախի գոտում խաղաղապահների անվան տակ թուրքական զորք տեղակայելու իր նպատակին, ապա պետք է եզրակացնել, որ նա կշարունակի տարածաշրջանում պայքարը այն ստատուս-քվոյի համար, որն իր համար ավելի ձեռնտու է:

Մյուս կողմից, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիան տարածաշրջանում ունի ավելի աշխարհառազմավարական նպատակ՝ օգտագործել տարածաշրջանը պանթյուրքիստական ծրագրեր իրականացնելու համար: Սաֆրաստյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում Թուրքիայի նպատակները շարադրված են Էրդողանի և Ալիևի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրում»:

«Այն կարդալով՝ հասկանում ես, որ նպատակ է դրված ստեղծել թուրք-ադրբեջանական դաշնային պետություն», - նշեց թուրքագետը:

Թուրքիայի այդ պանթուրքիստական ծրագրում, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, կարևոր հանգամանք է Հայաստանը: Ըստ նրա՝ Թուրքիայում երկու ծրագիր կա Հայաստանի վերաբերյալ՝ նվազագույն և առավելագույն նպատակներով:

«Առավելագույն նպատակը արտահայտված է այն գաղտնի հրամանում, որը տրվել է Քյազիմ Կարաբեքիրին 1920 թ. նոյեմբերի 8-ին և որտեղ գրված է, որ «Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի»: Գերագույն նպատակն է վերացնել հայկական պետականությունը: Երկրորդ՝ նվազագույն նպատակը հետևյալն է՝ տեսնել Հայաստանը որպես Թուրքիայի վասալ պետություն: Եվ ես համոզված եմ, որ որպես դրա մոդել թուրք դիվանագետները իրենց արտգործնախարարությունում, Էրդողանի գրասենյակում, գլխավոր շտաբում իրենց աչքի առաջ ունեն Բաթումի պայմանագիրը: Այսինքն՝ նույնպես, ըստ էության, վերացնել հայկական պետականությունը՝ ձևականորեն թողնելով մի պետություն, որը կլինի Թուրքիայի ազդեցության ներքո», - կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Լավ լուրն այստեղ այն է, որ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ ի տարբերություն 100 տարվա իրադարձությունների, երբ Հայաստանը ինքնիշխան պետություն չէր, այժմ Հայաստանի դիրքերը ավելի բարենպաստ են՝ շնորհիվ տարածաշրջանում ակտիվ դերակատարում ստանձնող Իրանի, որն, ըստ էության, հանդես է գալիս որպես Հայաստանի դաշնակից:

Արտատարածաշրջանային երեք ուժերի մրցակցության պայմաններում Հայաստանը և համայն հայությունը, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվել՝ ամրացնելով հայկական պետականությունը, վերականգնելով հայկական զինված ուժերը և պետության սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում:

«Սրանք, ինչպես Կանտը կասեր, կատեգորիկ իմպերատիվ են», - շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը:

«Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» եռօրյա միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Ակադեմիայի Պատմության և Արևելագիտության ինստիտուտների, Հայ Դատի կենտրոնական խորհրդի և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

 

 

 


© 2009 ARMENPRESS.am