Երևանում ելույթ կունենա դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը

17:48, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա մեծ ճանաչում վայելող դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Ալան Չիրկոպը։

Օվչիննիկովը ելույթ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Ֆիլհարմոնիա» նվագախմբի, ԲիԲիՍի-ի սիմֆոնիկ նվագախմբի, Շոտլանդիայի թագավորական ազգային նավագախմբի, Բիրմինգհեմի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։

2005 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Վլադիմիր Օվչիննիկովին շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում։

 


© 2009 ARMENPRESS.am