Լոնդոնում կայացավ համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյաններին

14:28, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում հոկտեմբերի 16-֊ին կայացավ հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։

«Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի  ջանքերով՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանից:

Միջոցառմանը ներկա էին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը և դեսպանատան անձնակազմը, անգլիական եկեղեցու հոգևոր հովիվ, Սբ․Քաթսբերթ եկեղեցու հոգևորական Փոլ Բեգոտը, ՄԹ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ  սրբազան Հովակիմ Մանուկյանը, Լորդերի պալատի անդամները, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Ալթունյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվից։ 

Երեկոյի ընթացքում ընթերցվեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի շնորհավորական ուղերձը։

Նշվում է, որ համերգին մասնակցում էին միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտներ՝ դաշնակահարներ Յուլյա Չապլինան (Ռուսաստան), Սթավրոս Դրիթսասը (Հունաստան), Մարի Փալազյանը (Լիբանան-Անգլիա), մեներգիչներ՝ սոպրանո Անդրիանա Յորդանովան (Մալթա), մեցցոսոպրանո Հելեն Ռոթշելը (Անգլիա),   սոպրանո Հայարփի Եղիկյանը (Հայաստան-Անգլիա),  ջութակահար Անի Բադիկյանը (Անգլիա-Հայաստան) և «Քլինգեն» երգչախումբն և կամերային նվագախումբը. գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն է, ով հանդես եկավ նաև որպես մեներգիչ (տենոր) և դաշնակահար:

Այս համերգով հիմք է դրվել «Քլինգեն»  կամերային նվագախմբին․ համերգը նվագախմբի անդրանիկ ելույթն էր:  

Սպենդիարյանի  «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը ՄԹ-ում համերգային կատարմամբ հնչել է առաջին անգամ (փոխադրումը կամերային կազմի համար՝ Սիփան Օլահի)։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են անգլահայ հայտնի նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված մեծ կոմպոզիտորների երաժշտական ժառանգությանը։

                                                                                           


© 2009 ARMENPRESS.am