Հին քաղաքակրթությունների մշակույթն արտացոլվել է Կարեն և Նարեկ Պետրոսյանների համատեղ ցուցահանդեսում

20:46, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործներ Կարեն և Նարեկ Պետրոսյանների «Տիեզերքի էվոլյուցիա» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված են ինքնատիպ քանդակներ, ձեռքի հետաքրքիր աշխատանքներ, որոնք պատկերում են աշխարհի հին քաղաքակրթությունների՝ մայաների, ացտեկների, ինկերի և այլ ժողովուրդների մշակույթը, նրանց խորհրդանիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին «Նարեկացի» արվեստի միությունում:

[gallery id= 65239]

Կարեն Պետրոսյանի խոսքով՝ իրեն հետաքրքրել են մայաները, քանի որ նրանք չափազանց  յուրահատուկ և զարգացած մշակույթ են ունեցել: «Դարերի ընթացքում մենք առաջ ենք գնում, շատ բան է փոխվում, սակայն ցանկանում ենք ասել, որ մեզանից առաջ ապրել են մարդիկ, որոնք հզոր մշակույթ են կերտել, որը պետք չէ մոռանալ»,-նշեց նա:

Ցուցասրահում շրջելիս կարելի է հանդիպել նաև նոտաների, երաժշտական գործիքների: Կարեն Պետրոսյանը խոստովանեց՝ ջութակն իր ամենասիրած գործիքն է, քանի որ ջութակի մեղեդիները մարդու հոգում արթնացնում են այն, ինչը տարիների ընթացքում թաքնվել է:

Կարեն Պետրոսյանի որդին՝ Նարեկ Պետրոսյանը աշխատելու ընթացքում է որոշում, թե ինչ թեմայով է լինելու իր հերթական քանդակը, հենց այդ ժամանակ էլ ծնվում են ստեղծագործությունների անունները:

«Ներկայացրել ենք երկնային ցիկլեր, երկնաքարերի տեղաշարժ, հետագծեր,  մոլորակներ և այլն: Հայրս անդրադարձել է ացտեկների, մայաների խորհրդանիշներին, վերածննդին:  Վերածնունդը պատկերել ենք և՛ քանդակի և՛ 3 D  նկարի տեսքով. օգտագործել կաշվե հիմքով մետաղ, լատուն, պղինձ և մելքիոր: Յուրովի ենք մոտենում արվեստին»,-շեշտեց նա:

Նարեկ Պետրոսյանը հոր շնորհիվ է սկսել զբաղվել քանդակագործությամբ: «Հայրս տարբեր մասնագիտություններ ունի, սակայն ամեն ինչին մոտենում է արվեստագիտորեն: 15-16 տարեկանից սկսել եմ օգնել հորս և սովորել եմ նրանից: Կավագործությամբ ևս զբաղվել եմ, սակայն ինձ ավելի շատ դուր է գալիս մետաղի հետ աշխատանքը»,- խոստովանեց Նարեկ Պետրոսյանը:

Ցուցադրությունը, որը կգործի մինչև հոկտեմբերի 22-ը, ուղեկցվում է Կոմիտասի ստեղծագործություններով:

 


© 2009 ARMENPRESS.am