ՀՀ ԱԺ նախագահը ՌԴ պաշտոնյաների հետ քննարկել է երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները

20:14, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու  հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները:  Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների  գործունեության տարածաշրջանային առաջնահերթություններին:

Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության  առաջարկներով, որոնց իրականացման  ուղղությամբ երկուստեք կարեւորվել է համատեղ օրակարգերի ձեւավորումը:

 


© 2009 ARMENPRESS.am